Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)

B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)

B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)

Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի սինթեզման  գործում։

 

Վերջին երկուսը նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն են կազմում։ Եվ այսքանով հանդերձ`  վիտամին B9-ը կարևորագույն դեր ունի հյուսվածքների զարգացման և աճի գործընթացում։ Ֆոլացինը նաև էմբրիոգենեզի և արյունագոյացման խթանիչ գործոններից մեկն է։ Վիտամին B9-ը դրականորեն է ազդում մարսողական համակարգի կենսագործունեության վրա։

 

Օրգանիզմում վիտամին B9-ի պակասը հանգեցնում է արյունագոյացման գործընթացի արգելակմանը, իսկ նրա բացակայության պարագայում օրգանիզմում կարող են զարգանալ այնպիսի բարդ ախտաբանական վիճակներ, ինչպիսիք սակավարյունությունն ու մարսողական համակարգի ախտահարումն են։

 

Սննդի մեջ ֆոլացինի մեծ պաշարներ կան հատիկավոր բույսերում, խոշոր աղացվածքի ալյուրում և բանջարեղենում (մաղադանոս, սպանախ, հազար, սոխ, մատղաշ կաղամբ, կանաչ սիսեռ), չպահածոյացված սնկերում, կերակրի խմորիչներում։ Ֆոլացինով հագեցած են նաև կաթնաշոռը, պանրի բոլոր տեսակները, ձուկը և միսը։

 

Որպես կանոն, մարդու լյարդում կան ֆոլացինի որոշ պաշարներ, որոնք 3-6 ամսվա ընթացքում կարող են օրգանիզմը պաշտպանել ֆոլաթթվի քաղցից։ Սա, իհարկե, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով այն կերակրի միջոցով չի հասցվում օրգանիզմին։ Չափահաս մարդու օրգանիզմը մեկ օրվա համար պահանջում է վիտամին B9-ի մոտ 200մկգ. քանակություն, հղի կանանանցը` 400-600 մկգ., իսկ մինչև մեկ տարեկան երեխայինը` 40-60 մկգ։ Աղիների նորմալ միկրոֆլորայի պայմաններում օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն սինթեզել ֆոլաթթու։

 

Վիտամին B9-ը թերմիկ ազդեցությունների հանդեպ շատ զգայուն է։

 

Վիտամին B12 (ցիանկոբալամին)

 

Վիտամին B12-ն ազդում է արյունագոյացման վրա, խթանում է արյան մակարդելիությունը, մասնակցում զանազան ամինաթթուների և նուկլեինաթթուների սինթեզմանը, նպաստում ածխաջրերի և ճարպերի նյութափոխանակությանը։ Ցիանկոբալամինը բարերար ազդեցություն է թողնում լյարդի գործունեության վրա, կարգավորում է նյարդային և աղեստամոքսային համակարգերի աշխատանքը։

 

Վիտամին B12-ի ոչ բավարար քանակությունն օրգանիզմում կարող է հանգեցնել սակավարյունության, խաթարել նյարդային համակարգի բնականոն աշխատանքը, առաջացնել ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, հևոց և ախորժակի անկում։ Վիտամին B12-ը օրգանիզմի կողմից յուրացվում է միայն հատուկ սպիտակուցային նյութերի հետ միացության մեջ մտնելով։ Որոշ հիվանդությունների դեպքում այդ սպիտակուցային նյութը քայքայվում է, որի արդյունքում օրգանիզմում առաջանում է B12-ի  հիպովիտամինոզային վիճակ։ Սա կարող է լինել նույնիսկ այն պարագայում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ B12 է ստանում։

 

Բուսական աշխարհում ցիանկոբալամինի պաշարներ չկան։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ բույսեր մեծ քանակությամբ կոբալտ են պարունակում, որը B12-ի բաղկացուցիչ մասն է, այդուհանդերձ բույսերն ի վիճակի չեն սինթեզել այս նյութը։ Մարդու օրգանիզմում ցիանկոբալամինի հիմնական պաշարները լրացվում են կենդանական ծագման սննդամթերքից` տավարի լյարդից, ձկան մսից, ծովամթերքից, մսից և կաթնամթերքից։


Չափահաս մարդու օրգանիզմը մեկ օրվա համար պահանջում է վիտամին B12-ի  մոտ 3 մկգ. քանակություն, հղի  կանանց և կերակրող մայրերինը` 4 մկգ., իսկ մինչև մեկ տարեկան երեխայինը` 0,3-4 մկգ.։ Առողջ մարդու լյարդում կա վիտամին B12-ի այնքան  պաշար, որը բավարար է օրգանիզմին  մեկից երկու տարի ավիտամինոզից պաշտպանելու համար։ Առողջ օրգանիզմն ունակ է ինքնուրույն սինթեզել ցիանկոբալամին։

 

Հարկ է նշել, որ 100˚C-ի դեպքում վիտամին B12-ը մի քանի ժամվա ընթացքում քայքայվում է։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ